Այսուհետ «Իրատես de facto»-ն պարբերաբար կներկայացնի աստվածաշնչյան անձնանունների բացատրությունը, ինչը մեծ օգնություն կլինի Աստծո խոսքը խորապես ուսունասիրող այն անձանց, ովքեր փորձում են ներթափանցել գրվածքի էության մեջ։ Օրինակ երբ ծննդաբերում էր Իսահակի կինը՝ Ռեբեկան, երկվորյակներից առաջին ծնվողը մազոտ էր, այդ պատճառով նրա անունը Եսավ դրեցին, որ եբրայերեն նշանակում է մազոտ, իսկ երբ ծնվեց երկրորդը` եղբոր գարշապարից բռնած, այդ պատճառով նրա անունը Հակոբ դրեցին, որ այդպես էլ թարգմանվում է՝ գարշապար բռնող:
Ասենք, որ անունների դիմաց տրված բացատրությունները վերջնական ստուգություն չունեն, թեև դրանք վերցված են լավագույն աղբյուրներից, բայց հաճախ տվյալ անունը մի քանի իմաստ ունի, քանի որ հին ազգերի նախնիների մտածողությունը որոշակիորեն տարբերվում է ժամանակակից մտածողությունից, ինչպես մեզ մոտ գրաբարյան ու ներկայիս լեզվամտածողություններն են տարբեր։
Նաև զետեղել ենք քիչ թվով քաղաքների ու տեղանքների անուններ, որոնք հիշատակության արժանի կարևորություն ունեն. օրինակ Բեթղեհեմ, որ նշանակում է հացի տուն, որտեղ ծնվեց երկնքից իջած Հացը՝ Հիսուս Քրիստոսը։
Ա
ԱԲԱԳԹԱ - երջանկություն կամ հաջողություն։
ԱԲԱԴՈՆ, - (դժոխքի՝ անդունդի հրեշտակի անունը) - կորուստ, սատակիչ, կործանող, կորուսիչ կամ ապականություն. (նույնն է Աղբադոն)
ԱԲԱՆԱ - տևական (նույնն է Նաբանա)
ԱԲԱՐ - եղբայր սիրելի
ԱԲԱՐԻՄ - անցքեր՝ անցարաններ, լեռնանցքեր կամ տեղափոխություն
ԱԲԲԱ - հայր
ԱԲԲԱՆԱ - հոր օրհնություն
(շարունակելի)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ